Արցախում որոշ տուրքերի շեմեր կփոփոխվեն, կթեթևացնեն քաղաքացիների բեռը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

արցախ

Հունվարի 27-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Քննարկվել է ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներն են պատգամավորներ Արթուր Հարությունյանն ու Արմեն Հակոբյանը:

Օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Արմեն Հակոբյանը: Նա նշել է, որ ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների թեթևացման, ինչպես նաև տեղական տուրքերի տեսակների և սահմանված որոշ շեմերի հստակեցման անհրաժեշտությամբ։

Կառավարության առաջարկները ներկայացրել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջարկությունները համահեղինակների կողմից ընդունվել են: Այնուհետև նախագծի լրամշակված տարբերակը քվեարկության է դրվել, և 6 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

--00—ԼՄ

Տեսանյութեր