Որոշել եմ վերադառնալ մարզ` գիտակցելով խնդիրների ողջ ծավալը. Նազելի Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Նազելի

Ես գիտեմ, որ մարզպետները գալիս և գնում են, լրագրողները մնում են. լիահույս եմ, որ համագործակցությունը հետագայում արդյունավետ կլինի, պատրաստ եմ բաց, թափանցիկ աշխատանքի: Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Նա վստահեցրեց` մարզպետարանի դռները միշտ բաց կլինեն լրագրողների առաջ: Մարզպետի պաշտոնը ստանձնելը, Բաղդասարյանի խոսքով, պատասխանատու քայլ էր, որոշել է վերադառնալ մարզ` գիտակցելով մարզի խնդիրների ողջ սպեկտորը: 

Հարցին` մարզ վերադառնալու պարտադրանք եղե՞լ է, նա նշեց.

«Ի՞նչ պարտադրանքի մասին է խոսքը, երբ պատասխանատվություն ես ստանձնում»:

Դիտարկմանը, թե ինքը Շիրակի մարզ է գործուղվել՝ համայնքների խոշորացման նպատակով նշանակված ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համար հաղթանակ ապահովելու, Նազելի Բաղդասարյանն ընդգծեց.

«Ես չէի ուզենա այդ գործընթացները ուղիղ կապել: Այո՛, Գյումրու ՏԻՄ ընտրության արդյունքները եղել են ազդակ․ և մենք որոշակի որոշումներ փոփոխել ենք թիմի ներսում։ Եվ ես չեմ թաքցնում, որ այս կադրային փոփոխությունը կապված է դրա հետ, բայց ինչ վերաբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, եկեք ֆիքսենք, որ մարզպետը քաղաքական պաշտոն չէ, վարչական պաշտոն է, և ես շարունակելու եմ գործել և մնալ իմ լիազորությունների շրջանակում նախևառաջ իմ առաջ դնելով մեկ կարևոր հանգամանք՝ Շիրակի մարզի զարգացման ապահովում»։

Նա հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր համայնքներում կկարողանա հաղթանակ տանել։

--00--ԱԹ