Հայաստանում օգտատերերը սկսել են ավելի քիչ ենթարկվել տեղային սպառնալիքների

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

կասպերսկի

Հայաստանում 2021-ի ապրիլ-հունիսին օգտատերերի համակարգիչների 24,89%–ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 8,93%, իսկ Ադրբեջանում՝ 29,56%:

2020-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում համակարգիչների օգտատերերի 29,3%-ը ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի։ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 22,6%, Ադրբեջանում՝ 30%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում ամենից շատ տեղային սպառնալիքների են ենթարկվել Թուրքմենստանում (49,38%), Տաջիկստանում (48,11%) և Աֆղանստանում (46,52%) գտնվող օգտատերերը։

2021-ի երկրորդ եռամսյակում աշխարհում Malware դասի գոնե մեկ տեղային սպառնալիք հայտնաբերվել է միջին հաշվով 15,56% համակարգիչներում՝ մեկ տարի առաջվա 17,05%-ի դիմաց։

Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքները մեծ վնաս կարող են պատճառել հատկապես կորպորատիվ օգտատերերին։ Նրանց համար առավել մեծ վտանգ են ներկայացնում տեղեկատվության հանովի կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։ Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր և թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին և վարակում դրանք, իսկ այնուհետև վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների և արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։ Այդ իսկ պատճառով ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։

 --00—ՄՀ

Տեսանյութեր