Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների և առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների համատեղ աշխատանքի համար:

«Վերադառնալով այսօրվա արարողության ուղիղ և առաջնային բովանդակությանը, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների և առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների մեր համատեղ աշխատանքի համար:

Վերջերս նեղ կազմով մեր քննարկումների ընթացքում ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել հրապարակային. 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակը դժվար է եղել թե քաղաքական, թե բարոյական, թե մարդկային և թե պետական իմաստներով, այդ վիճակը լի է եղել բազմաթիվ դիլեմաներով, որոգայթներով և երկիմաստություններով:

Վերջին տարում մեր հարաբերություններն անխուսափելիորեն կրել են այդ դիլեմաների, երկիմաստությունների, որոգայթների կնիքն ու ազդեցությունը, բայց պատվով կարող եմ ասել, որ մենք հաղթահարել ենք այդ բոլոր խոչընդոտներն՝ առանց բացառության և հիմա կարող եմ ասել, որ ի դեմս Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի` ձեռք եմ բերել վստահելի ընկեր և բարեկամ և ուրախ ու շնորհակալ եմ դրա համար»,- նշել է վարչապետը: