ԿԳՄՍՆ-ն հայտարարում է նախադպրոցական այլընտրանքային հաստատությունների ձևավորման մրցույթ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News

նախադպրոցական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգը»:

Մրցույթի անցկացման արդյունքում նախատեսվում է, որ ընտրված համայնքում (բնակավայրում) գտնվող որևէ կառույցում (բնակելի, կրթամշակութային, սպորտային, համայնքային) դրամաշնորհի միջոցներով կստեղծվեն նախադպրոցական կրթական ծառայություններ իրականացնելու համար համապատասխան պայմաններ:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում: Դրամաշնորհի առավելագույն մեծությունը յոթ միլիոն ութ հարյուր քսանչորս հազար ՀՀ դրամ է: Միջոցառումների իրականացման ժամանակահատվածն է` 2021 թ. հունիս-դեկտեմբեր:

Մրցույթին մասնակցելու հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) մինչև 2021 թվականի հուլիսի 8-ը պետք է ներկայացվեն ԿԳՄՍ նախարարություն:

--00—ՄՀ