Արդյունքների նախնական ամփոփումը կսկսվի կեսգիշերին. ԿԸՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Մուկուչյան

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցության վերջնական տվյալներն այս պահին հավաքագրվում են, ամփոփվելուց հետո դրանք կհրապարակվեն: Այս մասին Tert.am-ի եթերում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Այսօր կհրապարակենք քվեարկության նախնական արդյունքները, դրանից հետո հնարավորություն կա ստանալու դիմումներ, ուսումնասիրելու դրանք, իսկ եթե անգամ դիմումներ չեն ներկայացվում՝ այն փաստերն ու հանգամանքները, որոնք կան քվեարկության օրվա ընթացքում, որոնց վերաբերյալ փորձել ենք օպերատիվ միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա:

ԿԸՀ նախագահը վստահեցրել է՝ բոլոր խախտումները դառնալու են մանրամասն ուսումնասիրման առարկա, ուսումնասիրվելու են նաև գրանցամատյանները: 

Դիտարկմանը, թե մի շարք տեղամասերում 24-րդ քվեաթերթիկի վրա եղել են տպագրական նշումներ, այլ տեղամասերում այդ քվեաթերթիկն ավելի երկար է եղել, չի տեղավորվել ծրարի մեջ, Մուկուչյանը պատասխանել է.

«Չէի ուզենա առանձնացնել, հանդիպել են նաև այլ դեպքեր: Պետք է նկատի ունենալ, որ 70 մլն քվեաթերթիկ է տպագրվել, այն էլ՝ բավական կարճ ժամանակահատվածում, և հնարավոր էր՝ ի հայտ գային առանձին խնդիրներ: Այստեղ որևէ միտում որոնել կամ արձանագրել չի կարելի: Եղել են ահազանգեր, որ այլ քվեաթերթիկի են վերաբերել»:

ԿԸՀ նախագահը հայտնել է՝ եթե քվեաթերթիկի վրա առկա է տպագրական շեղում, նշում, դա չի կարող ընկալվել որպես ավելորդ նշում: Նա տեղեկացրել է, որ կեսգիշերից կսկսվի արդյունքների նախնական ամփոփումը: 

Հարցին՝ արդյո՞ք ԿԸՀ-ի վրա եղել են ինչ-ինչ ճնշումներ, Մուկուչյանն արձագանքել է.

«ԿԸՀ վրա որևէ ճնշում չի եղել, ԿԸՀ-ն աշխատել է, իրականացրել իր գործառույթները»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս