Ապրիլյան հանձնաժողովի շրջանակում կա բավարար նյութ, որ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

նկար

ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցին, ասել է՝ այն, որ զեկույցը չի հրապարակվել իշխող խմբակցության նախաձեռնությունն է, իսկ պատճառը քաղաքական նպատակահարմարությունն է, քանի որ կային խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016-ին և չէին շտկվել մինչև 2020-ի պատերազմը։

«Իրենց ձախողումները և կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016 թվականի պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստացի չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ, դա Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, փաստորեն չեն կարողանալու, որովհետև իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս և, հետևաբար, զեկույցը չի հրապարակվում՝ քաղաքական նկատառումներից ելնելով»,- ասել է նա:  

Հարցին՝ իշխող ուժից քննադատում էին ԳՇ պետ Արտակ Դավթյանին, իսկ ինչո՞ւ նա վերանշանակվեց պաշտոնում, Գորգիսյանը պատասխանել է․ «Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում, կարծում եմ, կա բավարար նյութ, որ նրա դեմ քրեական գործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ, ինչո՞ւ է ինքը մեղավոր, նույնը կա նաև վերջին պատերազմի ընթացում: Մերժեցին, մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու համար: Երբ նա ԳՇ պետ էր, այդ շրջանում մենք գնել ենք զենքեր, որ մենք որևէ կերպ չէինք կարողանալու օգտագործել և շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու: Կրճատել ենք զինվորական ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության, դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ինչո՞ւ, այդ հարցին քրեական գործի շրջանակում պետք է տրվեն պատասխաններ»:

Գևորգ Գորգիսյանը նաև կարծիք է հայտնել, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենավատ դերակատարները երկուսն էին՝ հետախուզության վարչության պետը, որը նշանակվել է Փաշինյանի խորհրդական, և օպերատիվ վարչության պետը, որ նշանակվել է ԳՇ պետ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս