ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ Էլիբեգովայի դեմ սուտ մատնություն կատարելու դեպքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Էլիբեգովա

ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Ավելին՝ նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետն արդեն լրացել է, սակայն փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դեռևս չի ստացել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ԱԱԾ-ն «Գագիկ Սողոմոնյան» հայտնի ֆեյքի գործով խուզարկություն է իրականացրել մի շարք հասարակական-քաղաքական գործիչների աշխատասենյակներում, ինչից հետո բերման ենթարկել նրանց։ Բերման ենթարկվածների թվում էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, որն ազատ էր արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց։ ԱԱԾ-ն նաև առգրավել է ադրբեջանագետի աշխատանքային համակարգիչը, որով ադրբեջանագետը մանրամասն զեկույց էր պատրաստել՝ ՄԻՊ-ին ներկայացնելու համար։

Անժելա Էլիբեգովային ԱԱԾ տանելու հանգամանքի վերաբերյալ Վահե Խանդիլյան անունով օգտատերը, որը ներկայանում է որպես քաղաքագետ և «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ, հայտարարել էր, թե Էլիբեգովային ԱԱԾ են տարել՝ դավաճանության հոդվածով։

«Էս չեք այ տխմարներ: ԱԱԾ դավաճանության հոդվածով ադրբեջանագետ, ՀՀԿ անդամ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն է առգրավել, որի մեջ է եղել նաև վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ամբողջական զեկույցը, որը պիտի հանձնվեր ՄԻՊ-ին, բայց դա նա փոխանցել է Ադրբեջանին, որի դիմաց ստացել է գումար։ Նա և Արա Սաղաթելյանը (Իշխան Սաղաթելյանի եղբայրը) բերման են ենթարկվել»,- հայտարարել էր օգտատերը։

Այս հայտարարությունից հետո Անժելա Էլիբեգովան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։

Փաստաբան Միքայել Շխիմյանը հայտնել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Էլիբեգովան բացատրություն տվել է, պատրաստակամություն հայտնել՝ վարույթ իրականացնող մարմնի հետ համագործակցելու։ Բացի այդ, հաշվի առնելով, որ ադրբեջանագետի համակարգիչը դեռևս գտնվում է ԱԱԾ-ում, առաջարկել են, որ վարույթ իրականացնող մարմինն ուսումնասիրի համակարգչում առկա տեղեկությունները։

Փաստաբանը հայտնել է, որ Վահե Խանդիլյանի կողմից արված հայտարարությունից հետո ադրբեջանագետի հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչել՝ ընդհուպ ֆիզիկական բռնություն գործադրելու, վառելու վերաբերյալ։ Բացի դա՝ նշված գրառումն արտատպել են որոշ լրատվամիջոցներ ևս։ Փաստաբանը չի բացառել, որ հարկ եղած դեպքում հնարավոր է լրատվամիջոցների դեմ հայցադիմում ներկայացնեն՝ զրպարտության և վիրավորանքի համար՝ պահանջելով հերքում տարածել։

Նշենք, Ա.Էլիբեգովային բերման ենթարկելուց հետո՝ ԱԱԾ-ն նրան որեւէ մեղադրանք չի առաջադրել, անգամ որպես կասկածյալ չի ներգրավել։

--00--ԱԹ