Քոչարյանի գործով տուժողի ներկայացուցիչը հայց է ներկայացրել՝ ընդդեմ դատախազ Բաղդասարյանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

հասարակական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Ասլանյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի։ 

Հայցվորը պահանջում է, որ դատախազը հրապարակային ներողություն խնդրի։

Նշենք, որ հայցադիմում ներկայացնելու պատճառ է դարձել դեռևս 2020թ հուլիսի 21-ի դատական նիստում դատախազի հայտարարությունը՝ կապված Ասլանյանի կողմից մեղադրող դատախազներին բացարկ հայտնելու մասին միջնորդության հետ։

Մասնավորապես, դատախազներին բացարկ հայտնելու տուժողի ներկայացուցչի միջնորդության քննարկման ժամանակ Գևորգ Բաղդասարյանը նշել էր, թե միջնորդության հեղինակի փաստարկների վերաբերյալ ոչինչ չունի ասելու, որովհետև ներկայացված միջնորդությունը վերահաստատել են իր պատկերացումները, թե տուժողը և նրան ներկայացնող անձն իրականում ինչ դատավարական շահ են հետապնդում։

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել 2021թ հունվարի 21-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Արտուշի Գաբրիելյանին։

Դատական նիստի օր է նշանակվել ապրիլի 13-ին։

--0--ԿԿ