Ով կփորձի իշխանության գալ ատելությամբ` պարտված է, կհաղթի հանդուրժողականության գաղափարովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Մենք ենք պատասխանատու գործող, նախկին ու ապագա իշխանությունների որակի համար։ Մենք իրավունք չունենք պահանջել նրանցից ավելի մեծ առաջարկ, քան պահանջարկը, որը մենք ներկայացնում ենք։ Հետևաբար, հնարավոր չէ ստեղծել վերնախավ, երբ հասարակությունը համապատասխան խնդիրներ նրանց առջև չի դնում։ Այս կարծիքին է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ իշխանություն կձևավորենք այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը կարողանա իր ոլորտին վերաբերող հարցեր գեներացնել ու առաջ մղել։ 

«Կուսակցությունները, որոնք ձգտում են դառնալ իշխանություն, պետք է պատրաստ լինեն գտնել տրվող հարցերի պատասխաները։ Երբեք չենք ունենա կիրթ իշխանություն, եթե ինքներս կրթված չլինենք։
Եկեք գործնական խոսենք՝ այս երկիրն ինչպե՞ս ենք տեսնում։ Եկեք, այսօր խոսենք՝ ինչպե՞ս ենք ապահովելու իշխանությունների տարանջատումը, վերահսկողությունը։ Հանրությունը պետք է հասնի այն մակարդակին, որ կուսակցություններին բարձր պահանջներ ներկայացնի։ Եթե պահանջները ցածր են, մեզ ինչ խոստումներ ասես կտան ու չեն կատարի»,-ասել է Բաբայանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ