Ամբողջ պրոցեսի մեջ 2 հարց կա՝ ճանաչում եմ Արա Սաղաթելյանին և օգտագործել եմ VPN համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր՝ փետրվարի 22-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

Լրագրողների հետ զրույցում Բեքարյանը հայտնել է, որ գործը զրո տրամաբանություն ունի, և որ մոտիվացիան լրիվ այլ է։ 

«Ադրբեջանը տարիներ շարունակ ՀՀ IP-ների համար փակ է եղել․ չես կարող նրանց ինֆորմացիային չտիրապետել։ Համակարգից օգտվել եմ, երբ իմացել եմ՝ ադրբեջանական սահմանափակման չեմ հանդիպի։ Էս ամբողջ պրոցեսի մեջ երկու հարց կա՝ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին ու օգտագործել եմ VPN համակարգը», - հայտնել է Բեքարյանն ու հավելել՝ վստահ է՝ իր հանդեպ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։ 

Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի տարածած հայտարարության, Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ազատ էր արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

--00—ԼՄ