Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել. վարչապետը՝ «ZDF» հեռուստաալիքին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «ZDF» հեռուստաալիքին: «Երբ մի ժողովուրդ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ», - վարչապետն այսպես է նկարագրում Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակը: 

«Գիտեք, երբ մի ժողովուրդ ցեղասպանության վտանգի ներքո է, և որն իր պատմության մեջ տեսել է ցեղասպանություն, ես խոսում եմ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին, որին զոհ գնաց 1,5 մլն հայ, և գործնականում Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ էթնիկ զտման միջոցով ազատվեց հայերից: Եվ, իմիջիայլոց, կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար: Ընդ որում՝ ցեղասպանությունը շարունակելը ոչ միայն էմոցիոնալ վրեժի կամ հայատյացության արդյունք է, այլև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհին վերջին խոչընդոտն են՝ շարունակելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք: Ահա այս պայմաններում, երբ ցեղասպանության վտանգի առաջ է կանգնած ժողովուրդը, ինքը չի ասում՝ իմ ռեսուրսները բավարա՞ր են, թե՞ բավարա՞ր չեն, ցեղասպանվե՞ն, թե՞ չցեղասպանվեն»,- նշել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի ռազմական գործողություններում Սիրիայից վարձված ահաբեկիչների մասնակցությունը, որոնք հավաքագրվել և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմելու համար Ադրբեջան են բերվել Թուրքիայի կողմից:

--00--ԱԹ