Կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարացվի մինչև 2022 թվականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

անձնագիր

Կառավարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։ Այս մասին ասվում  է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Մասնավորապես ակտի նախագծում նշվում է, քանի որ 2017 թ․ հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ՝ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար։

Մինչ մրցույթի ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու եւ նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2019 թ․ ապրիլի 23-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչեւ 2021 թ․ հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը:

--00—ԼՄ