Ճգնաժամում գտնվող ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնի համար կպայքարեն 5  թեկնածուներ 

ԵՐԵՒԱՆ,  ՄԱՐՏ 6,  24News

Երևանի պետական համալսարան

Այսօր՝ մարտի 6-ին, լրացել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածություն առաջադրելու ժամկետը։ Ընտրությանը հայտ են ներկայացրել 5 թեկնածուներ՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայտնի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Պավել Գևորգյանը և ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ 

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները նախատեսված են անցկացնել մարտի 23-ին։ Մայր բուհի ղեկավարին ընտրելու է խորհուրդը, որը բաղկացած է 32 անդամից։ 

Թեկնածուներից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ Մայր բուհն այսօր կանգնած է մի շարք խնդիրների առջև։ 

«Համալսարանում կան ճգնաժամային երևույթներ կազմակերպչական, բարոյահոգեբանական, միջանձնային շփումների մակարդակներում, ինչը բացասաբար է ազդում ընդհանուր ԵՊՀ-ի գործունեության և նրա առջև դրված գործառույթների իրականացման վրա։ Այդ առումով ռեկտորի ընտրությունները կարող են նպաստել ճգնաժամային իրավիճակի լուծմանն ուղղված քայլ լինելու տեսանկյունից։ Պետք է կարևորել, որ ԵՊՀ-ն ոչ միայն կրթական ծառայություններ մատուցող ու գիտությամբ զբաղվող կարևորագույն օջախներից է, այլև Մայր բուհն է, այսինքն՝ Հայաստանի և հայության գլխավոր գիտակրթական կառույցը», - նշեց Մելքոնյանը։ 

Ըստ ռեկտորի թեկնածուի, ԵՊՀ-ն համալսարանական մտավորական կյանքի կերտող կառույց է և հասարակական ընկալման առումով մեծ պատասխանատվություն ունի։ «Այս ամենն ազդում է հենց հասարակության մեջ մտավորականության ընկալման, համալսարանականի ընկալման վրա։ Խնդիրները բազմաբնույթ են, առաջիկա ընտրությունները որոշակի հնարավորություն են այդ խնդիրները լուծման դաշտ տանելու համար։ Տեսնենք, թե ինչպես կլինեն առաջիկա զարգացումները։ Պետք է ուղղակի գիտակցել, որ ռեկտորի պաշտոնը հատկապես այս պահին մեծ պատասխանատվություն ու բեռ է՝ տարաբնույթ ենթաշերտելով։ Այդ պաշտոնին հավակնողը պետք է փորձի եղած բոլոր խնդիրների լուծման ճանապարհներն ուղենշել», - ասաց նա։