Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա. Պիտեր Ստանո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Screenshot_9

Եվրամիությունն աջակցում է  կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն:  Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա դեմ Ադրբեջանի հայտարարություններին:

- Օրերս Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը հերթական չհրահրված ագրեսիան ձեռնարկեցին Հայաստանի դեմ՝ սպանելով 4 զինվորի։ Բարձր ներկայացուցիչը զգուշացրել էր Ադրբեջանի համար ծանր հետևանքների մասին, եթե վերջինը շարունակի ագրեսիվ գործողությունները։ Որո՞նք են լինելու ձեր գործողությունները այժմ:

- Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի: Բայց այս կրկնվող, դժբախտաբար՝ կրկնվող միջադեպը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է, իհարկե, ուժերը հեռացնել իրարից, և շատ ավելի մեծ ջանքեր գործադրել այնպիսի միջոցառումների ու գործողությունների համար, որոնք կանխում են նման միջադեպերը, քանի որ դրանք ոչ մի դրական բանի չեն հանգեցնում։ Դրանք պարզապես նպաստում են լարվածության, անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ողբերգության վրա ևս մեկ ողբերգություն են ավելացնում։ Այսպիսով, սա իսկապես ցույց է տալիս ուժերի՝ միմյանցից հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, և ԵՄ-ն երկար ժամանակ հանդես է եկել հօգուտ այս տեսակետի: Մենք աջակցում ենք կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Միջադեպը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ առանց նորմալացման՝ վտանգ կա, որ նման միջադեպեր կլինեն, կկրկնվեն նորից ու նորից։ Ինչպես ասացի, դա միայն վատթարացնում է ընդհանուր մթնոլորտը։ Այնպես որ, իսկապես, մի կողմից կարևոր է զսպվածություն ցուցաբերելը, մյուս կողմից՝ ուժերի՝ միմյանցից հեռավորությունը։

- Որո՞նք են լինելու ԵՄ-ի հստակ գործողությունները, չէ որ ի վերջո ադրբեջանական հարձակումը եղել է հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դուք միշտ ընդգծում եք դիվանագիտությունը, բանակցությունները և այլն, բայց դրանք գործիքներ չեն, որոնք կկանգնեցնեն Ալիևին: Միջադեպերը շարունակվում են: Հետեւաբար, ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու ԵՄ-ն, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքը վտանգի տակ է։

- Նախ, ԵՄ-ն դերակատար չէ, ներգրավված կողմ չէ այս խնդրին։ Սա, ըստ էության, երկկողմանի խնդիր է, միջազգային իրավունքի հարգման խնդիր։ Մենք միշտ ասում ենք, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, պետք է ակնկալել, որ երբ դրանց շուրջ վեճեր են լինում, դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այսպիսով, մենք ոչ թե ուղղակի կողմ կամ անմիջական մասնակից, այլ որպես երրորդ կողմ կարող ենք աշխատել գործընկերների հետ և խրախուսել՝ միասին բոլոր հարցերը լուծել ոչ թե կրակոցներով, այլ՝ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելով։ Եվ կրկնում եմ, այդ պատճառով մենք Եվրոպական խորհրդի նախագահի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ ներգրավվեցինք նորմալացման գործընթացի աջակցության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ