Ինչպե՞ս եք վերաբերվում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ ԵԽԽՎ-ում հարց է ուղղվել Կիպրոսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

photo (2)

Հունվարի 21-27-ը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի լիագումար նիստում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հարց է ուղղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին:

«Ձերդ գերազանցություն,

Պատիվ է ողջունել Ձեզ այս վեհաժողովում:

Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությամբ, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանում փոխկապակցվածության բարձրացմանը: Այս նախագիծը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող ժողովուրդների միջեւ համագործակցությանն ու կայուն խաղաղությանը:

Պարոն նախագահ, ինչպե՞ս է Կիպրոսը վերաբերում այս նախագծին:

Շնորհակալություն»:

«Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- հայտարարել է նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ հավելելով, որ իրենք աջակցում են ցանկացած ջանքի, որը ներառում է երկրների միջեւ համագործակցություն:

--00—ՅՄ