Հայաստանը ողջունում է Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելությունն ընդլայնելու ԵՄ որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հայաստանի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի հետ սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու Եվրամիության որոշումը։ Այս մասին Երևանում Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր կառավարությունը բարձր է գնահատում առաքելությունն ընդլայնելու վերաբերյալ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը։ Ես հաստատում եմ ՀՀ կառավարության դիրքորոշումը, մենք պատրաստ ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր է համարում»,- նշել է Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ավելի վաղ հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները որոշել են Հայաստանում ԵՄ դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, առաքելության ընդլայնումը հայ-ադրբեջանական սահմանի կայունության բարձրացման միջոց կդառնա։

--00—ՅՄ