Դավիթ Իշխանյանը քաղաքական և պետական ճանապարհ է անցել․ ԱՀ նախագահը՝ ԱԺ նորընտիր նախագահի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

դ

ԱՀ ԱԺ նախագահի ընտրությունը պատգամավորների ու խմբակցությունների բացառիկ իրավունքն ու լիազորությունն է ընտրելու իրենցից յուրաքանչյուրին, սակայն հաշվի առնելով Արցախի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները  և հանրապետության նախագահի պաշտոնում իմ ստանձնած մեծ պատասխանատվությունը՝ ես ինձ իրավունք եմ վերապահել առաջարկել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին քննարկել Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Այս մասին օգոստոսի 7-ին կայացած ԱՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներին ներկայացրել եմ իմ առաջարկի հիմնավորումները, որոնք վերաբերում են հատկապես պարոն Իշխանյանի անձին և անցած ճանապարհին։ Անկախ իր կուսակցական պարտականելիությունից, Դավիթ Իշխանյանն այնպիսի քաղաքական ու պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն նրան դարձնում են արժանի թեկնածու Ազգային ժողովի նախագահի համար»,- ասել է նա։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցութունը համազգային մակարդակում մեծ ինստիտուցիոնալ ներուժ ունեցող մարմին է, հատկապես Սփյուռքի իր կառույցների միջոցով հսկայական աշխատանք է կատարել ու կատարում հայ ժողովրդի Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, սակայն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածության առաջադրումը  պայմանավորված չէ իր կուսակցական գործունեությամբ։ «Առավել ևս վստահ եմ, որ անկախ Արցախի քաղաքական համակարգում Դաշնակցության դերից, կշռից ու այլ հատկանիշներից, միևնույնն է այս համահայկական կառույցը ներդրել ու ներդնելու է առավելագույն ջանքերը հանուն Արցախի։ Ուրախ եմ, որ քաղաքական ուժերի մոտ իմ առաջարկն ընդունվել է ըմբռնումով։ Հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է և Ձեր ցանկացած որոշում մեծ հարգանքով է ընդունվելու իմ կողմից՝ շարունակելով Ազգային ժողովի, քաղաքական ուժերի և անհատապես բոլոր պատգամավորների հետ իմ կառուցողական համագործակցութունը՝ հանուն Արցախի հանրապետության հարատևման, Արցախի ժողովրդի արժանապատիվ ու ազատ ապագայի»,- իր խոսքում ասել է ԱՀ նախագահը։

Անդրադառնալով Արթուր Թովմասյանի հրաժարականին՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ բժիշկների աջակցությամբ նա կկարողանա լուծել առողջական խնդիրները և կշարունակի իր ակտիվ քաղաքական գործունեությունը․ «Բարձր եմ գնահատում Արթուր Թովմասյանի վաստակը Արցախի պետականաշինության գործում, իսկ անձամբ ինձ համար տասնամյակներ շարունակ նա եղել ու մնում է որպես ավագ ընկեր ու գործընկեր»։

--00—ՍՊ