Մի շարք դպրոցների շենքային պայմաններ կբարելավվեն և կապահովվեն գույքով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

դպրոցներ

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայության 5 հանրակրթական դպրոցներին հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ 38 մլն 706 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին:

Գումարն ուղղվելու է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի և Աբովյանի կրթահամալիրի շենքային պայմանների, ինչպես նաև Երևանի Ալ. Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ, Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ, Աբովյանի թիվ 4 ավագ, Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների գույքային հագեցվածության բարելավմանը:

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ ունեն մասնակի նորոգման կամ գույքի ձեռքբերման կարիք:

Մասնավորապես՝ Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցին կհատկացվի գումար՝ շենքի տանիքում արևային ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար: Համաձայն կատարված հաշվարկների՝ 40 կՎտ հզորությամբ կայանն ամբողջությամբ կզրոյացնի դպրոցի էլեկտրաէներգիայի ծախսը:

Աբովյանի կրթահամալիրի տնտեսումներից գումար կհատկացվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ճաշարանի նորոգման աշխատանքներին:

Ալ. Քեմուրջյանի անվան Երևանի թիվ 170 ավագ դպրոցում դասապրոցեսն արդյունավետ և բազմաբովանդակ կազմակերպելու համար կհատկացվի գումար՝ դասարանները և լաբորատորիաները պրոյեկտորներով և էկրաններով համալրելու նպատակով:

Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցին կհատկացվի գումար՝ դյուրակիր համակարգիչ, պրոյեկտորներ և էկրաններ ձեռք բերելու նպատակով:

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով և շենքի միջանցքներում անվտանգության նկատառումներով կհատկացվի գումար՝ տեսահսկողության համակարգ տեղադրելու նպատակով:

Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցին կհատկացվի գումար՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրագործման համար խոհանոցային գույք և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Որոշմամբ նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում:

--00—ԼՀ