Գորիսի՝ ԼՂ կառավարության պահեստներում կա 448 տոննա հումանիտար օգնություն, որը հնարավոր չէ ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

լուր

Անցած տարվա դեկտեմբերից, երբ բնապահպանական կեղծ պատրվակով ԼՂ-ը հայտնվեց շրջափակման մեջ, Գորիսում ԼՂ կառավարության նախաձեռնությամբ սկսել են պահեստավորել հումանիտար օգնությունը: Վերջին անգամ Գորիսի պահեստներից դեպի ԼՂ մատակարարում իրականացվել է հունիսի 7-ին՝ ռուս խաղաղապահների մեքենաներով:

«Լուրերի» նկարահանող խումբն այսօր եղել է այդ տարածքում, որտեղ ամբարված է մոտ 500 տոննա օգնություն, որոնք ԼՂ-ի կառավարությանն են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամը և այլ հիմնադրամներ, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքներ:

ԼՂ կառավարության պահեստների պատասխանատու Արկադի Գասպարյանը «Լուրերին» ասել է, որ ամբարներում այս պահին պահեստավորված են սերմացու, հնդկաձավար, ոլոռ, կորնգան, հաճար:

«Առ այսօր կարողացել ենք Արցախ ուղարկել 1296 տոննա ստացած հումանիտար օգնություն: Այս պահի դրությամբ, ցավոք, դեռ պահեստներում առկա է 448 տոննա հումանիտար օգնություն, որը չենք կարողանում ուղարկել Արցախ:

Բացի դրանից՝ շեշտեմ, որ այն, ինչ մենք ունենք Գորիս քաղաքի պահեստներում, դրանով չի սահմանափակված տրամադրված օգնությունը: Մոտ 380 տոննա բեռ այս պահին կա Երևանում: Կան կազմակերպություններ, որոնք ևս պատրաստակամ եմ տրամադրել օգնություն: Այդ ամեն ինչը կախված է նրանից, թե երբ կբացվի ճանապարհը, և երբ մենք կկարողանանք ուղարկել: Րոպե շուտ այդ բեռը պետք է հասնի Արցախ, որովհետև իրականում մեր հայրենակիցների վիճակը ժամ առ ժամ վատանում է: Չկան առաջին անհրաժեշտության պարագաներ, չկա սնունդ, չկա դեղորայք»,- «Լուրերին» ասել է ՀՀ-ում ԼՂ մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչատրյանը:

--00—ԼՀ