Մինչև 2023 թվականի ավարտը Սիսիանի մասնաճյուղում շահագործման կհանձնվի խելացի անասնաշենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

346998448_840033314152790_5328461824116072994_n

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը կարող է դառնալ Սյունիքի մարզի գլխավոր այցեքարտերից մեկը:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ միասին Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել եմ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում։ Տնօրենի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել ենք մասնաճյուղի տարածքում, տեսել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ստեղծված և շինաշխատանքների ավարտական փուլում գտնվող ուսումնաարտադրական ու հետազոտական մի շարք նորարարական ենթակառույցներ։

Մասնավորապես, այցելել ենք արդեն գործարկված համակարգչային լսարաններ, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիա, գիտելիքի նորարարական հաբ, շահագործման համար պատրաստ հողի անալիզի լաբորատորիա, ինչպես նաև արդեն կերպարանք առնող խելացի գյուղատնտեսության գիտաուսումնափորձարարական կենտրոն՝ իր գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման և վերապատրաստման կենտրոնով, որի մեքենատրակտորային զինանոցը համալրման փուլում է:

Մինչև 2023 թվականի ավարտը Սիսիանի մասնաճյուղում շահագործման կհանձնվի խելացի անասնաշենքը՝ կաթի և գոմաղբի վերամշակման հնարավորություններով:

Հիմնման փուլում է ինտենսիվ այգին։ Շուտով կմեկնարկի ջերմատան շինարարությունը։

Մասնաճյուղը կունենա նաև կանաչ կերի և հատիկի արտադրամաս, կտեղադրվեն արևի և քամու էլեկտրակայաններ:

Այսպիսով, Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը շուտով կունենա լավագույն հնարավորությունները՝ զարգացնելու գյուղմեքենայացման և անասնաբուծության ոլորտի կրթական, արտադրական և հետազոտական բաղադրիչները՝ Սիսիան քաղաքը և տարածաշրջանի շահառու գյուղական համայքները համալրելով բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով։

Դրանով իսկ մասնաճյուղը կնպաստի թե՛ համայնքների կենսապայմանների բարելավմանը, և թե՛ կանաչ ագրոտեխնոլոգիաների կիրառման ու տարածման միջոցով տարածաշրջանի հարակայուն զարգացմանը»,- գրել է նա։

--00—ՅՄ