Վարորդը տրանսպորտային միջոցը ոչ պատշաճ է կառավարել․ ՔԿ-ն՝ Սյունիքում ավտոբուսի գետն ընկնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

a133bb8f-172d-4052-82e9-715855008992.jpg

Ավարտվել է միջնակարգ դպրոցի աշակերտներին, ուսուցչական և վարչական անձնակազմին Կապան քաղաք տեղափոխող ավտոբուսի՝ Աճանան գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

Հաղորդագրությունում նշված է․

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում  ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. մարտի  10-ին՝ ժամը 14:20-ին, 75-ամյա տղամարդը, վարելով իրեն ամրակցված «Պազ 3206-110» մակնիշի ավտոբուսը, ուղևորվելով Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից, նշված բնակավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին դեպի Կապան քաղաք տեղափոխելիս, ունենալով տեխնիկական հնարավորություն, համարժեք միջոցներ չի ձեռնարկել երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը բացառելու նպատակով։ Ուշադիր չհետևելով առջևում տիրող ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, վարորդն իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ  և վտանգավոր կառավարում՝ ստեղծելով վթարային իրադրություն:

Արդյունքում, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի սահմաններից և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլխիվայր ընկել Աճանան գետը։ Դրա  հետևանքով ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ ուսուցչուհին, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մնացած 22 ուղևորներն ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդի առողջությանը ևս պատճառվել է միջին ծանրության վնաս:

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա  75-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»:

 --00--ԶՀ