Կիպրոսը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինուժի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ֆդո

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ-ը:

Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն իր հերթին «Թվիթեր»-ում գրել է, որ ցնցված է ադրբեջանական զորքի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին լուրերով:

«Կիպրոսը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - նշել է խոսնակը:

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում: Հոկտեմբերի 3-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ զինծառայողների սպանության՝ սոցիալական ցանցերում շրջանառված տեսանյութը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան:

--00—ԻԴ

Տեսանյութեր