ԱԽՔ-ի հայտարարությունը, թե Արցախում ՀՀ զինծառայող չի լինի, արձագանք էր Ալիևի սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

քաղաքական

Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Արցախում այլևս Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, արձագանք էր վերջին օրերին Բաքվից Իլհամ Ալիևի մակարդակով հնչող սպառնալիքներին, որ եթե ՀՀ-ն չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, ապա դրա մասին պետք է բաց տեքստով ասեն, որ հասկանանք մեր անելիքը: Ադրբեջանցի տարբեր լոբբիստներ ևս ակնարկում էին, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ իրականացնել ՀՀ-ին ճնշելու համար: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Նշենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու համար:

«ԱԽՔ- ի հայտարարության մեջ մեկ այլ խնդրահարույց և վտանգավոր կետ կար․ նա նշել էր, որ հայկական ստորաբաժանումները պատերազմի ավարտից հետո շարունակում են գտնվել Արցախում և սեպտեմբերին ՀՀ-ն դուրս կբերի: Սա հակասում է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ի կողմից հնչող հայտարարություններին, դիրքորոշումներին և չի համապատասխանում իրականությանը: Արցախում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանում չկա։ Այդ հայտարարությունը վտանգավոր է, քանի որ լեգիտիմացնում Է Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքը, թե ՀՀ-ն իր զորքերը դուրս չի բերել Արցախից և ստիպված են դիմել քայլերի: Նման անփույթ հայտարարությունները վտանգում են ՊԲ-ի, Արցախի ժողովրդի ինքնապաշտպանվելու ապագան ու իրավունքը: Իրականում Արցախում այս պահին միայն ժամկետային զինծառայողների վերջին խումբ կա, որը շուտով զորացրվելու է, և այս ամսվա ընթացքում արդեն ժամկետային զինծառողներ չեն լինելու»,- ավելացրեց քաղաքագետը:

Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ քաղաքական որոշում կա, որ ՊԲ-ն ամբողջությամբ պետք է համալրվի պայմանագրային զինծառայողներով և բավականին գրավիչ պայմաններ են ստեղծում ծառայելու ցանկություն ունեցողների համար, այս կերպ՝ բալանսավորելով այն բացը, որը ստեղծվում է ժամկետայիննների բացակայության հանգամանքով, չնայած որ Արցախում զորակոչ շարունակվելու է իրականացվել:

Անդրադառնալով՝ Արարատ Միրզոյանի Վրաստան այցին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց, որ այդ հանդիպման գլխավոր թեման եղել է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը, քանի որ հանդիպումից երեք օր հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտարարություն եղավ, որ նախատեսվում է օգոստոսին Մոսկվայում սահմանային հարցերով զբաղվող հանձնաժողովի հանդիպում անցկացնել. «Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումը փորձ է՝ ակտիվություն մտցնել այդ գործընթացի մեջ, բաց պետք է սպասել, հնարավոր է, այդպես էլ տեղի չունենա, ինչպես նախորդ անգամ: Ինչ վերաբերում է կողմերի տարածած հաղորդագրություններին, ապա նրանք հայտնել են իրենց դիրքորոշումը՝ Ադրբեջանը գտնում է, որ չկա ԼՂ հարց և հակամարտություն, իսկ ՀՀ-ն շեշտում է, որ հակամարտություն դեռևս գոյություն ունի և պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձի մասին հայտարարությանը, ապա գերիների հարցում առաջընթաց կարող է լինել, եթե ՀՀ-ն զիջումների գնա»:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ