Ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ-ն Հնդկաստանի հետ հարաբերությունից, պաշտպանության ոլորտում գործակցությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

նկար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին, որի շրջանակում անդրադարձել է Հնդկաստան-Հայաստան հարաբերություններին, Հնդկաստան այցի նպատակից, պաշտպանության ոլորտում գործակցության ակնկալիքներից։ 

Այդ մասով հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․ 

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները:

Պատասխան․ Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։

16-րդ դարից ի վեր հայերը զգալի ներկայություն են ունեցել Ագրայում, Սուրատում, Չեննայում, Կալկաթայում և այլ առևտրային կենտրոններում։ Նրանք այստեղ բարգավաճել են գլոբալիզացիայի սկզբնական փուլից ի վեր, և այժմ մեր ժառանգությունը Հնդկաստանում, որը գալիս է այդ ժամանակահատվածից, խնամքով պահպանվում է, ինչը մենք բարձր ենք գնահատում:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ունենք հնդիկ ուսանողների և գործարարների հզոր համայնք։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և Հնդկական մշակութային կենտրոնը մեծ աշխատանք են կատարում մեր երկրների, ժողովուրդների և գործարար շրջանակների մերձեցման ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի մեծ օգուտ քաղել մեր կապերի զարգացումից

Մեր երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում

Եվ ի վերջո, մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է և մեծ տերություն, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դեր ունենալ միջազգային հարաբերություններում և շատերի կողմից ընկալվում է որպես բարորություն կերտող

Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ Հայաստանի կառավարությունն իր ռազմավարական առաջնահերթություններից է համարում աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի՝ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը։

Հարց․ Ապրիլի վերջին այցելել եք Հնդկաստան։ Ո՞րն էր Ձեր այցի հիմնական նպատակը: Անցյալ տարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարն էր այցելել Ձեր երկիր:

Պատասխան․ Նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին։ Այնուհետև նախարար Ջայշանկարն անցյալ տարվա աշնանը նշանակալից այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց ավելի լայն ներգրավվածության ճանապարհային քարտեզ՝ սկսած քաղաքական երկխոսությունից մինչև ծանրակշիռ բազմահաոլորտ համագործակցություն: Հետագայում արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։

Մասնակցությունը «Raisina Dialogue» համաժողովին, որն, ի դեպ, այս տարի արժանացել է հատուկ համաշխարհային ուշադրության, լավ հնարավորություն ընձեռեց՝շարունակելու մեր երկխոսությունը և նախարար Ջայշանկարի հետ միասին գնահատելու արդեն կատարված աշխատանքն ու նախանշելու նոր հավակնոտ նշաձողեր: 

Ի լրումն, այս այցի ընթացքում հատուկ շեշտադրվել է մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պատվիրակությանն ուղեկցում էին հայկական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Մենք մասնակցել ենք հայ-հնդկական բիզնես ֆորումներին Նյու Դելիում և Մումբայում։ Նման միջոցառումները և շարունակական բիզնեսը բիզնեսի հետ շփումները մեր գործարար շրջանակներին կմոտեցնեն միմյանց:

Այժմ հաջորդ քայլը կլինի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք պատրաստվում ենք հյուրընկալել Հայաստանում այս ամռանը։ Ինչպես տեսնում եք, սա բավականին տպավորիչ դինամիկա է։

Հարց․ Ի՞նչ կարելի է ակնկալել պաշտպանության ոլորտում հարաբերություններից: Սա և՞ս քննարկվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  խորհրդակցությունների ժամանակ։

Պատասխան․ Մեր պաշտպանության նախարարությունները լավ կապեր են հաստատել, և նրանց միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հայաստանը Հնդկաստանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Անկասկած է, որ վերջին տարիներին Հնդկաստանը սրընթաց առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, ինչը, իհարկե, շատ հետաքրքիր է Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Կարծում եմ՝ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն հետագա համագործակցության հնարավորությունները։ 

--00—ԼՄ