Կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել փաստաթղթի բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

իրավաբաններ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհուրդը հայտարարություն է տարածել՝  պահանջելով հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող նոր փաստաթղթի բովանդակությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Երեկ համացանցում հրապարակվեց մի փաստաթղթի նախագծի բովանդակության որոշ հատված, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանազատմանը։ Այս տեղեկությունների իսկությունը հաստատվեց այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում։ 

ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագծի բովանդակությունը և առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության՝ ՀՀ-ի անունից չստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են և վտանգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը։ 

Վերոնշյալ հարցերում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և ոչ ճիշտ գործելաոճը ոչ միայն խորացնելու է կառավարության նկատմամբ ՀՀ քաղաքացիների անվստահությունը, չի կանխելու ՀՀ քաղաքացիների իրավունքների նոր խախտումները, այլ նաև` պարարտ հող է ստեղծելու ՀՀ քաղաքացիների իրավունքների առավել կոպիտ և զանգվածային խախտումների համար»:

--00--ԱԹ