Վճռաբեկ դատարանում ԲԴԽ-ի հետ հանդիպմանը քննարկվել են դատաիրավական համակարգի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

ԲԴԽ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորների հետ: 

Հանդիպման օրակարգն ընդգրկել է դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական կառուցակարգերին և ուղենիշներին առնչվող հարցեր:

Քննարկման ընթացքում ընդգծվել է Վճռաբեկ դատարանի բացառիկ առաքելության իրականացման, այն է՝ օրենքների միատեսակ կիրառման ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացումը:

Բարձրագույն դատական խորհուրդը լսել է նաև Վճռաբեկ դատարանի դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել թափուր հաստիքների համալրման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Խորհուրդը շրջել է Վճռաբեկ դատարանի շենքում, զրուցել աշխատակազմի և գրասենյակի աշխատակիցների հետ, ծանոթացել դատարանի վարչական շենքում տեղակայված Կարգադրիչների ծառայության աշխատանքային պայմաններին՝ տեղեկացնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

  --00—ՄՀ