Վճռաբեկ դատարանը նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի գործով որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հրանտ Գրիգորայն

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը 2020թ. մարտի 5-ին կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել էր ՀՀ զինվորական դատախազի կողմից ներկայացված բողոքը՝ 26 տարի առաջ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող. դատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

ՀՀ վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ 2020թ.մայիսի 17-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանը՝ խնդրելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը:

ՀՀ Վճռաբեկ դատարանը օրերս որոշում է կայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան քննության ուղարկելու մասին, ինչը նշանակում է, որ Մհեր Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքների լույսի ներքո կիրականացվի նոր դատական քննություն:

Հիշեցնենք, որ 1994թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժող. դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման:

2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Այսինքն՝ այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994 թվականի ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Մ. Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից Մ.Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ:

Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում 2018թ. դեկտեմբերի 10-ին որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:

2019թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի կողմից այս գործով բերվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող.դատարանի 1994թ. դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավիճռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, որը և բավարարվել էր ՀՀ վերաքննիչ դատարանի 05.03.2020թ. որոշմամբ: 

-- 00—ՄՀ