Ունենք Գլխավոր շտաբի մի պետ և գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Thumbnail

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին պատգամավորների խնդրանքով անդրադարձավ Գլխավոր շտաբում ստեղված իրավիճակին, այն է՝ Գլխավոր շտաբի երկու պետի առկայությանը:

«Ինչ վերաբերում է ԳՇ երկու պետերին, մենք ունենք Գլխավոր շտաբի մի պետ և ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին հայտարարեց՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել է: Պատճառը Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունն էր, որով պահանջում էին վարչապետի հրաժարականը: Վարչապետի քայլը հակասահմանադրական համարվեց:

Օնիկ Գասպարյանը դիմեց Վարչական դատարան, որն էլ ժամանակավորապես բավարարեց նրա պահանջը: Իշխանական պատգամավորները դատարանի այս որոշումը գնահատեցին որպես լիազորությունների գերազանցում:

Մարտի 22-ին վարչապետը հայտարարեց՝ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:

Այսպիսով ստեղծված է մի իրավիճակ, երբ ԳՇ պետի պաշտոնը, համաձայն դատարանի որոշման, զբաղեցնում է Օնիկ Գասպարյանը, իսկ վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը:

--00--ԱԹ