Ձեր չափի մեջ մնացեք, ավելորդ բաներ մի՛ հնչեցրեք․ Մելքումյանն ու Ծովինար Վարդանյանը վիճեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանը հանել է 2 նախագծերը և դուրս եկել դահլիճից:

Պատճառը միջադեպն է, որ գրանցվել է նիստի ժամանակ: Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունից Ծովինար Վարդանյանը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավորին, ասել է, որ նախաձեռնության արդյունքում ոչ թե տանը մաքրության կամ դայակի ծառայություն մատուցողները գրանցելու են իրենց գործունեությունը, այլ հակառակը, ասենք, 30 աշխատող ունեցող մաքրության ծառայություն մատուցող ընկերությունները աշխատողներին դարձնելու են անհատ ձեռնարկատեր և խուսափեն հարկերից:

ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձել է՝ դայակների ու մաքրության աշխատողների դեպքում կարևոր է վստահությունը, ընկերությանը ձեռնտու չէ աշխատողին անընդհատ փոխելը:

«Մարդուն տուն թողնելու համար պետք է լինի վստահելի մարդ: Այնպես չէ, որ կարող ես զանգել խոշոր ընկերությանն ու ասել՝ ո՞ւմ կուղարկեք, որ երեխայիս դայակություն անի: Եվ երկրորդ, խոշոր կազմակերպություններով հյրավիրելու դեպքում գներն ավելի բարձր են, որովհետև վարչական ծախսներն են գումարում աշխատանքին»,-ասաց Մելքումյանը:

Միքայել Մելքումյանի դիտարկումը բարկացեց Ծովինար Վարդանյանին և նա արձագանքեց. «Պարո՛ն Մելքումյան, ես իմ հարցի պատասխանը չստացա»:

«Ես էլ ձեր հարցի իմաստը չհասկացա, որ դուք չհասկացաք, հասկացա՞ք: Այնպես որ պետք չի իրար հետ վիճել: Եթե չընկալեցիք իմ պատասխանը, դա արդեն ձեր խնդիրն է: Մի՛ տվեք ձեր հարցը, չեմ ուզում ձեր հարցին պատասխանել: Ինձ պետք էլ չէ, որ կոնսենսուս լինի»,-արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ծովինար Վարդանյանն էլ արձագանքեց. «Քանի որ սա իմ իրավունքն է արձագանքի, ոչ թե հարց տալու, հետևաբար ես կասեմ, որ եթե պարոն Մելքումյանն ունենար տրամաբանական պատասխան իմ հարցին, անպայման կհնչեցներ և հարցից խուսանավելը բացարձակ չփարատեց իմ կասկածները, որ այդտեղ ռիսկ կա»:

Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ կարծում է՝ իմքայլական պատգամավորի հարցադրումները 1000 տոկոսով անտրամաբանական են:

«Դուք մնացեք ձեր չափի մեջ և ավելորդ բաներ մի՛ հնչեցրեք»,-ասաց Միքայել Մելքումյանը և հայտարարեց, որ հանում է նախագիծը, քանի որ չի ուզում, որ այն լիագումար նիստ մտնի:

--00—ԼՄ