Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով հիվանդի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

հասարակական

Երեկ՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի 610 OC 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի 35 ZR 016 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի 9688 ID համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Ջին Բեյ»-ի ուղևոր՝ 41-ամյա Լ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է «Աշտարակ» բժշկական կենտրոնի հաշվակշռում, և բժիշկները կորոնավիրուսի կասկածանքով քաղաքացու էին տեղափոխում հիվանդանոց, իսկ վիրավոր այդ քաղաքացուն առաջինը օգնության է հասել մեկ այլ քաղաքացի, ով մինչև բժիշկների ժամանումը, ինքն է օգնել ու հետո, երբ օգնող քաղաքացուն հայտնել են, ոո վիրավորը կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվում է հիվանդանոց, այդ քաղաքացուն խնդրել են, որպեսզի իրեն ստուգման նպատակով նույնպես տեղափոխեն հիվանդանոց։