ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է գրեթե կիսով չափ կրճատել Պետդեպարտամենտին հատկացված բյուջետային միջոցները։ Ինչպես հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով գերատեսչության ներքին փաստաթղթին, դա կազդի նաև ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի միջոցների վրա։
Անցյալ շաբաթ հրապարակված ներքին հաղորդագրության համաձայն՝ Թրամփի վարչակազմն առաջարկել է կրճատել Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բյուջեն գրեթե կիսով չափ՝ մարդասիրական օգնության, համաշխարհային առողջապահության և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման համար, որոնք բախվում են խորը կրճատումների։
Սպիտակ տունն առաջարկում է Պետդեպարտամենտի և USAID-ի գործունեության համար հատկացնել 28,4 միլիարդ դոլար, ինչը 27 միլիարդ դոլարով կամ 48 տոկոսով պակաս է 2025 թվականի համար Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսավորումից։
Միաժամանակ միջազգային կազմակերպություններին հատկացվող միջոցների չափն էլ ավելի կկրճատվի՝ գրեթե 90%-ով։ Խաղաղապահ գործողությունների, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և 20 այլ միջազգային կառույցների ֆինանսավորումը կդադարեցվի. այն կպահվի միայն մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համար: Բացի այդ, բյուջեում կպահպանվեն 5,1 միլիարդ դոլարի ավանդական դրամաշնորհները՝ առանձին դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի և Եգիպտոսի զինված ուժերի զարգացման համար։
Սակայն, պարզ չէ, թե արդյոք առաջարկվող կրճատումները կհաստատվեն Կոնգրեսի կողմից, որտեղ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ունի երկու պալատներում։
The Washington Post-ը նաև նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մշակում է գերատեսչության ծախսերը կրճատելու սեփական ծրագիրը։ Թերթի աղբյուրների համաձայն՝ այն նախատեսում է Պետդեպարտամենտի 80 հազար աշխատակիցներից տասնյակ հազարների աշխատանքից ազատում, ինչպես նաև մի քանի հյուպատոսությունների, դիվանագիտական գերատեսչության որոշ գերատեսչությունների և ծրագրերի և այլ օբյեկտների փակում։
--00—ՅՄ