Հանգիստ ապրեք, քանի դեռ իշխանությունը չի որոշել ձեր տունը սահմանային վեճի առարկա դարձնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

աա
 
Այսօր Հայաստանի կառավարիչները փորձում են մեզ համոզել, որ Արցախի կորուստը «խաղաղության» գինն է: Այդ մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված նիստին։ 

«Խոստացան խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացան բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացան պաշտպանել Արցախը՝ հանձնեցին Արցախը: Այսքանից հետո սրանք նույնիսկ կարողանում են նայել մեր աչքերին և ասել, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ իրենք իրենց  ծրագրով առաջ են գնում: Մի հարցնող լինի՝ այդ ո՞ր ծրագրով՝ ազգային աղետի՞: Ինչ խոսք, այդ ծրագիրը կատարվում է 100%-ով»,- նշել է Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը, դիմելով հայ ժողովրդին, ասել է․

«Հանգիստ ապրեք, սիրելի՛ հայրենակիցներ, քանի դեռ իշխանությունները «հանուն խաղաղության» չեն որոշել, որ ձեր տունն էլ է սահմանային վեճի առարկա: Եթե մի օր լսեք, որ ձեր գյուղն Ադրբեջանի տարածքում է, մի անհանգստացեք: Դա պարզապես այս «խաղաղարար» իշխանության հերթական «հաջողությունն» է»:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծել է․ «Պատերազմով մարդկանց վախեցնելով, մեր երկիրն իրենը համարող թշնամու հետ առևտուր անելու, ճանապարհներ բացելու, բարեկեցությունը բարձրացնելու  սուտ խոստումներով արդարացնում են հերթական դավաճանությունը: Ես չեմ հավատում, որ այս պայմաններում տնտեսական կապերը և առևտուրը խաղաղ  համակեցության երաշխիքներ են։ Այդպես կարող են մտածել միայն մարդկության պատմությանը և ներկա համաշխարհային վիճակին անծանոթ մարդիկ։


Մենք չենք հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի անվտանգությունը, մեր ազգային շահը կարող է դառնալ սակարկման առարկա: Պայքարել ենք թույլ չտալու համար, որ մեր տան դուռը բացվի այլոց շահերի համար՝ ի վնաս մեզ: Սակայն տրոյական ձիու հաջողված օրինակը լավ ուսումնասիրած ուժերը 2018-ին դա կիրառեցին նաև Հայաստանում՝ օգտագործելով 5-րդ շարասյունը և ստերից թունավորված մոլորյալ ժողովրդին: Այսօր Հայաստանի Հանրապետության հետ տեղի ունեցող ողբերգությունը ասածիս վկայությունն է:


Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող և ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից,  նրանց, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։  Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները և հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչև չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները»:

 


 

--00—ՍՊ