Մեզ պատերազմ արդեն հայտարարվել է, մենք այն հաղթական ավարտին ենք հասցնելու. Սուրեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Մեզ արդեն երկար ժամանակ է վախեցնում ու սարսափեցնում են պատերազմով, մեզ ասում են՝ եթե չհանձնենք և չհանձնվենք, ապա կլինի պատերազմ, և սա արդեն շատ երկար ժամանակ է, որից առաջին հայացքից դեռևս ելք չենք գտնում։ Սակայն շատերը համոզված են, որ միակողմանի զիջմամբ և նվաստացմանը համակերպվելով հնարավոր է խուսափել պատերազմից։ Այս մասին Ոսկեպարում հավաքին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով, պատերազմներից ամենասարսափելին և ամենամահաբերը արդեն հայտարարված է իշխանությունների կողմից․ «Բոլոր սրբությունների արժեզրկումը, ամբողջ ազգին հոգեբանական տեռորի ենթարկելը, անօգնականության և անզորության սերմանումը, պարտվածի ու խեղճի հոգեբանության պարտադրումը, մի ամբողջ ազգի արժանապատվությունից և ինքնությունից զրկելը։ Ասացեք խնդրեմ, կա՞ ավելի մահաբեր ու սարսափելի պատերազմ, քան այն է, որը արդեն հայտարարված է»,-ասել է նա։

Նա նշել է, որ չի կարելի խուսափել այն պատերազմից, որն արդեն հայտարարված է, հնարավոր է միայն այն հասցնել հաղթական իր ավարտին․ «Իմ խնդրանքն ու հորդորն է խուսափել իշխանական այս օրակարգից, թե իբր մեր գործողությունները կարող են հանգեցնել պատերազմի։ Մեր գործողությունները այլևս միտված են մեր նկատմամբ հայտարարված պատերազմը իր հաղթական ավարտին հասցնելուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ