Տարոնիկցի տղամարդու տանը զենք-զինամթերք և թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

ֆ

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկաները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 5-ին: Ըստ տեղեկությունների՝ Տարոնիկ գյուղի 63-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում պահում է զենք-զինամթերք, նաև ունի կանեփի չոր զանգված:

Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են Տարոնիկ գյուղի նշված տուն: Տանտերը հայտնել է, որ ունի զենք-զինամթերք և անձնական օգտագործման համար մարիխուանա, որոնք պատրաստ է ներկայացնել:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթի, պայթուցիկ նյութ, փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, իսկ թմրանյութը անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցրած կանեփից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ