Հայաստանը ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որը լոգիստիկ հսկայական ներուժ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

l-0x107wh-1280x746z-0.6141

Հոկտեմբերի 18-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի է ունեցել Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովը (GMIS 2023), որի շրջանակներում կայացած կլոր սեղանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ելույթ է ունեցել «Հայաստանը՝ տարածաշրջանային հաղորդակցության խաչմերուկ» վերնագրով։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, որի սահմանները Արևելքից և Արևմուտքից երեք տասնամյակ շարունակ ցամաքային շրջափակման մեջ են, հանդիսանում է տարածաշրջանային և միջսահմանային ներառական և անաչառ կապի խթանման հավատարիմ ջատագով:

«Վստահ ենք, որ Հայաստանի ճանապարհային ցանցը լուրջ ներուժ ունի այս նպատակին հասնելու համար։ Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում երկրի համապատասխան ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման ուղղությամբ՝ իրականացնելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, որը, Հայաստանի կարողությունները բարձրացնելով, երկրին հնարավորություն կտա լիարժեք մասնակիցը դառնալ ինչպես Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, այնպես էլ հաղորդակցության այլ նախաձեռնություններին։ Այս կարևոր ռազմավարական ճանապարհի կառուցումը կդյուրինացնի Հայաստանի հարավային սահմանից դեպի վրացական սահման և մինչև Սև ծովի նավահանգիստներ երթևեկությունը և թույլ կտա իրականացնել ավելի շատ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,- ընդգծել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնելու երկխոսությունը և համագործակցությունը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի շրջանակներում, որտեղ վերջինս կարող է հաջողությամբ ներառվել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում:

«Գիտակցելով Հարավային Կովկասում առևտրատրանսպորտային հաղորդակցության բոլոր ուղիների բացման կարևորությունը՝ Հայաստանը, տարածաշրջանում բարգավաճման և կայունության ապահովման նպատակով, կառուցողականորեն ներգրավվել է երկխոսության և քննարկումների մեջ և, պայմանավորված Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման շուրջ քննարկումներով, ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որը, իր հերթին, ունի միջազգային լոգիստիկ շղթաներում լուրջ փոփոխություն մտցնելու և միջազգային բեռնափոխադրումների առումով տարածաշրջանի նշանակությունը վերականգնելու հսկայական ներուժ»,- ասել է նախարար Սանոսյանն իր ելույթում։

Եզրափակելով ելույթը՝ նախարարը վերահաստատել է միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի միջև առավել ընդլայնված համագործակցության և համակարգման համատեղ ուղի ձևավորելու ուղղությամբ բոլոր գործընկերների հետ աշխատելու Հայաստանի լիակատար հաստատակամությունը՝ տարածաշրջանային և գլոբալ առավել արդյունավետ կապի խթանման գործում նշանակալից առաջընթաց գրանցելու համար։

--00—ՅՄ