Ակցիայի ժամանակ ավտոմեքենաներին, ուղևորին հարվածելու վերաբերյալ վարույթներով ձերբակալվել է 2 անձ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

381060268_762725132323829_3039411852046437766_n

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում դրանց մասնակից մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել էին ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։

Նշված դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ, 195-րդ հոդվածի 2-րդ մասերով։

Հավաքի մասնակիցների մեկ այլ խումբ, փակելով Խանջյան փողոցը և խաչընդոտելով տվյալ հատվածով ընթացող ավտոմեքենայի ընթացքը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ավտոմեքենային, վնասել դիմապակին: Նշված դեպքի առթիվ քրեկան վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նշված 2 քրեական վարույթների շրջանակներում, նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկական անձ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու, դրանց մասնակից բոլոր անձանց, այդ թվում նաև Խանջյան փողոցում երթևեկած ավտոմեքենայի վարորդի գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։

--00—ՅՄ