Ա․ Սիմոնյանի գործով դատավորին պատասխանող կողմը ինքնաբացարկ ներկայացրեց անաչառ չլինելու հիմնավորմամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

al

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ կայացավ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի» հայցադիմումի գործով չորրորդ լսումը։ Ինչպես նախորդ նիստերը, այս լսումը ևս անցկացվեց դռնփակ, քանի որ հայցող կողմը առարկեց նկարահանումներ իրականացնել և դատավորը հետևեց նրանց պահանջին:

Նիստի ընթացքում պատասխանող կողմը ինքնաբացարկ ներկայացրեց դատավոր Արշակ Պետրոսյանին, ինչից հետո Աննա Մկրտչյանը նշեց, որ դատավորը անաչառ չի կարող գործը քննել, քանի որ կանխակալ վերաբերմունք ունի իր նկատմամբ, այդ պատճառով է բացարկ հայտնում գործը քննող դատավորին:

Ինչպես նախորդ լսումներին, այս նիստին ևս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէր ներկայացել: Բացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 13-ին՝ ժամը14:00-ին:

Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանից պահանջում է փոխհատուցել իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը՝ 500 000 դրամ գումարի չափով, ինչպես նաև՝ ներողություն և հերքում հրապարակել:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ