Արցախ. Երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Screenshot_11

2018թ. տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իրավիճակի շրջադարձային փոփոխության ենթարկված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը։

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել Արցախում սովի իրական սպառնալիքի կանխմանն ուղղված տարատեսակ գործողությունները միջազգային կազմակերպությունների գրասենյակների առջև, հայտարարություններն ու դիմումները «միջազգային հանրությանը», ՄԱԿ-ին, Մինսկի խմբի համանախագահներին, Եվրամիությանը, Ռուսաստանին և այլն:

Դրանց այս կամ այն ձևով մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ղեկավարները: Ստեփանակերտում ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը միացել էր նստացույց անողներին (ինչն անհեթեթություն է և վկայում է պետականության, սեփական դիրքի ու պատասխանատվության ընկալման լիակատար բացակայության մասին), իսկ Ազգային ժողովի նախագահի անհավասարակշիռ վարքը, ի վերջո, հանգեցրեց պաշտոնանկության և այլն:

ՀՀ իշխանություններն էլ մերթ հայտարարում են քառակուսի կիլոմետրերով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, մերթ մեղադրում են ռուս խաղաղապահներին, մերթ «միջազգային հանրությանն» ընդհանրապես, մերթ էլ դժգոհում են Եվրամիության շրջանակներում «բանակցությունների» անարդյունավետությունից ու Ալիևի մտադրությունից՝ «խաղաղության» պայմանագիր ստորագրելուց հետո Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու վերաբերյալ, բայց անմիջապես մանտրայի նման կրկնում են, որ խաղաղությունն իրենց համոզմունքն է և այլն:

Պատկերն ամբողջացնում են իրենց անգործունակությունը բազմիցս ապացուցած ընդդիմության տարատեսակ ներկայացուցիչներ, որոնք դժգոհում են ժողովրդի անտարբերությունից: Վերջին շրջանում «ժողովրդի անտարբերությունից» դժգոհում են նաև նրանք, ովքեր, թվում է, գործի բերումով պետք է ճիշտ ընկալեին իրավիճակի պատճառներն ու հետևանքները և կանխեին անգործության մեղադրանքը ընդդիմությունից ժողովրդին ուղղորդելը:

Դրա կողքին՝ 97 տոկոսով Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելը մերժող, 2021թ. իշխանությանը 75 տոկոսով չընտրած ու ընդդիմությունից բազմիցս հիասթափված Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու 2020թ. աղետի մատնված, 9 ամիս բացարձակ շրջափակման ենթարկված ու անմարդկային փորձությունները հերոսաբար հաղթահարող Արցախի ժողովուրդը:

Այս ծայրահեղ հակոտնյա պատկերը՝ մի կողմից՝ ժողովրդի, մյուս կողմից՝ իշխանության և ընդդիմության միջև, վկայում է, որ իրավիճակը, իսկապես, չափազանց բարդ է:

Ակնհայտ է, որ այն հնարավոր չէ հաղթահարել հուսաբեկության հասցնող արկածախնդիր քաղաքականությամբ, անհեթեթ դժգոհություններով ու ողջամտությունից զուրկ, փակուղի տանող դատողություններով:

Պահանջվում է ծայրահեղ լրջություն ու պատասխանատվություն, գործողությունների գրագիտություն ու ճշգրտություն, կազմակերպվածություն ու գիտելիքների և ունակությունների առկայություն՝ իրավիճակի սթափ, մասնագիտական գնահատման և արժանապատիվ, իրական լուծումների ապահովման համար»։

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ։

--00—ՅՄ