Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը Գերմանիայի դեսպանի հետ խոսել է ավտոբուսային բարեփոխման ծրագրերից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

951fd5a9a78f3602c9eece8655e8eb2754a9f5da

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:

Անդրադառնալով Երևանի և գերմանական քաղաքների միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը:

Խոսելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանում իրականացվող Էներգաարդյունավետության ու ավտոբուսային բարեփոխման ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որն այս դրամաշնորհի դոնոր երկրներից է:

Քաղաքապետի պաշտոնակատարը նշել է, որ պետություն, համայնք, միջազգային գործընկերներ գործակցությամբ Երևանը փուլ առ փուլ իրականություն է դարձնում տրանսպորտային համակարգի բարեփոխումները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցել և օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացմանը:

Լևոն Հովհաննիսյանն ու Վիկտոր Ռիխտերը մտքեր են փոխանակել նաև հանրակրթության ոլորտում մասնագետների ու աշակերտների փոխանակման ծրագրերի շուրջ:

--00—ՅՄ