ԲՀԿ-ի մասով Ծառուկյանը դեռ որոշում չունի. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

աա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հակված է չմասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին. որոշումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանինն է:

Ավելին՝ մեր հավաստի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները քննարկումների արդյունքում նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանը եւ Միքայել Մանրիկյանը կընդգրկվեն ԼՀԿ ցուցակում՝ 2-րդ եւ 4-րդ համարներով, եւ նրանց ցուցակով կմասնակցեն ավագանու ընտրություններին, սակայն ավելի ուշ ԲՀԿ-ականները հրաժարվել են անգամ այդ ֆորմատով մասնակցել ընտրություններին:

Մեր տեղեկություններով՝ հենց Գագիկ Ծառուկյանն է իր թիմակիցներին հորդորել, որ չմասնակցեն ԼՀԿ-ի ցուցակով, ավելին՝ ասել է, որ օգնեն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին: Այս հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ։ Վերջինս նշեց, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ քաղաքական թիմը շարունակում է քննարկումները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ հարցով։

«Այս օրերին մենք հանդիպումներ ենք ունենում Երեւան քաղաքի տարածքային կառույցների, կուսակցական ակտիվի ներկայացուցիչների հետ, եւ երբ քննարկումներն ավարտվեն, ԲՀԿ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Ինձ համար այլեւս նորություն չէ, որ ժամանակ առ ժամանակ, ավելի ստույգ՝ պարբերաբար, տարատեսակ շրջանակների կողմից ԲՀԿ-ին կամ Գագիկ Ծառուկյանին շահարկող տարատեսակ ինֆորմացիաներ են շրջանառության մեջ դրվում, սակայն ավելի գրագետ եւ պրոֆեսիոնալ եմ համարում կոչ անել հավատալ բացառապես այն հայտարարություններին, որոնք պաշտոնական բնույթ են կրում։ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումների մասին հայտարարություն կարող է անել բացառապես պարոն Ծառուկյանը կամ նրա կողմից լիազորված քաղաքական թիմի անդամներից որեւէ մեկը, իսկ մինչ այդ կասկածելի աղբյուրներից ծնունդ առնող ինֆորմացիաներին հորդորում են արժանահավատորեն չվերաբերվել»,-ասաց նա:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ