ԱՄՆ-ում ձերբակալել են գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածվողին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

d591a0e0-2482-4bce-9800-8f99144f2f33.jpg

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հաստատել է, որ Մասաչուսեթսում ԱՄՆ ռազմաօդային ազգային գվարդիայի 102-րդ հետախուզական ստորաբաժանման աշխատակից, 21-ամյա Ջեք Թեյշեյրան ձերբակալվել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
«Այսօր կեսօրից հետո Հետախուզության դաշնային բյուրոյի գործակալները ձերբակալել են Թեյշեյրային՝ առանց որևէ խոչընդոտի», - ասել է Գարլանդը։

Նրա խոսքով՝ Թեյշեյրան կասկածվում է պաշտպանության ոլորտում գաղտնի տեղեկատվությունը «չարտոնված կերպով դուրս բերելու, տիրապետելու և տարածելու» մեջ։ Մինչ այդ Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ արտահոսքը «դիտավորյալ քրեական հանցագործություն է»։

Թեյշեյրան դատարանի առաջ կկանգնի այսօր:

Ձերբակալությանը մասնակցած իրավապահները զրահամեքենայով մոտեցել են կասկածյալի տուն։ Նա հանձնվել է առանց դիմադրության՝ ձեռքերը գլխավերևում բարձրացրած։

Թեյշեյրան գաղտնի փաստաթղթերը կիսել է գեյմերների մոտ տարածված Discord հարթակում մոտ 20-30 հոգուց բաղկացած խմբի անդամների հետ:

Օրերս սոցիալական ցանցերում հայտնվել էին գաղտնի փաստաթղթեր, որոնցում ներկայացվում են ԱՄՆ հետախուզության հանգամանալից գնահատականներն ինչպես ԱՄՆ-ի ոչ բարեկամական երկրների, այնպես էլ դաշնակիցների վերաբերյալ: Փաստաթղթերում նաև քննարկվում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները:

--00—ԶՀ