Բարձր ենք գնահատում ԱՄՀ-ի տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը. ԱՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

333557641_1123307339063916_3514812452598299330_n

ՀՀ արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը: Այս մասին Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել Հայաստանում դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգը: Ընդգծվել է, որ նախարարությունը բարձր է գնահատում ԱՄՀ-ի կողմից տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև հանրային ծառայության ոլորտների բարեփոխումներին, սնանկության գործընթացների իրավական դաշտի իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարգրման և դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործման տեսլականին։

Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի նախագծին, դրանում հակակոռուպցիոն մեխանիզմների ամրագրման անհրաժեշտությանը և պետական մասնակցությամբ առևտրային ընկերություններում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման կարևորությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

--00—ՅՄ