Առողջապահական համակարգում կառավարման փոփոխությունների առաջարկով ՀՀ է ժամանել ԱՀԿ փորձագիտական խումբը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ան

Առողջության առաջնային պահպանման օղակի ներկայիս մոդելն ուսումնասիրելու և կառավարման հնարավոր փոփոխություններ առաջարկելու նպատակով Հայաստանում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խումբը: Հաղորդում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ 

Խմբի անդամներին այսօր ընդունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Փորձագետները նշել են, որ Երևանում և մարզերում հանդիպել են ԱԱՊ օղակի տարբեր բժշկական կառույցների և շահագրգիռ կողմերի հետ, հավաքագրել տվյալներ: Նրանց նախնական գնահատականներով` Հայաստանի ԱԱՊ համակարգը

• կենսունակ է անցնելու կարճաժամկետ միջնաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների ճանապարհով:

• ԱԱՊ օղակի մարդկային ներուժը պետք է զարգացնել` ընտանեկան բժշկության համակարգի կայացմամբ, բժիշկների և բուժքույրերի վերապատրաստմամբ,

• ԱԱՊ օղակում մատուցվող ծառայությունները պետք է ընդլայնվեն,

• «Արմեդ» համակարգը բժշկական ծառայությունների որակի բարելավման հիանալի գործիք է,

• բուժաշխատողների գնահատման բոնուսային համակարգի ներդրումը դրական առաջընթաց կլինի,

• միջազգային լավագույն փորձը հնարավոր է կիրառել Հայաստանում:

«Անցել ենք փորձագիտական գնահատման երկարատև ճանապարհ, և խմբավորել առկա խնդիրները: ԱԱՊ օղակի մարդկային ռեսուրսների զարգացումը, նրանց գիտելիքների և ունակությունների շրջանակն ընդլայնելը մեր առաջնահերթություններից է, ուստի ԱՀԿ փորձագիտական խմբից ակնկալում ենք առաջարկներ` կրթական ծրագրերը բարելավելու և լավագույն մոդելը կիրառելու հարցում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Փորձագետները բերել են կայացած ԱԱՊ համակարգեր ունեցող երկրների օրինակներ, ներկայացրել բուժաշխատողների միջև փորձի փոխանակման հնարավորությունները: Հայաստանում ձեռք բերված տվյալներն ամփոփելուց հետո փորձագիտական խումբը հանդես կգա զեկույցով:

--00—ՍՊ