ԱՀԿ-ից պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ-ին՝ հաղթահարելու COVID-19-ի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու ընթացիկ քայլերը, ինպես նաև տեղեկացրել է նախատեսվող աշխատանքների մասին։

Զրույցն ընդգրել է կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ՝ մարդկանց վարքագծային փոփոխությունների կարգավորումից մինչև նեղ մասնագիտական հարցեր։

ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն կրկին պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին՝ ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները։