Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարը․ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
 

25f81c36-23f4-4b30-bcda-e2fb6b4822c3.jpg

Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար: Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է: Այս մասին նշված է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շնորհավորական ուղերձում՝ Հայոց բանակի կազմավորման 31-րդ ամյակի կապակցությամբ։

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ զտման քաղաքականությունը:

Իմ խոնարհումն եմ հայտնում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերածներին: Այսօր բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:

Ուղերձս ամփոփեմ Հայոց բանակի պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով, որն ուղղված է մեզ բոլորիս. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում»»,- նշվում է Ռուբեն Վարդանյանի ուղերձում։

--00—ԶՀ