Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

23809677_0_50_1600_950_1920x0_80_0_0_ae8f2aa87fc453cc4548765b931f53ec

Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև  որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ տեղեկատվական շտաբից։

«Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված  հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև  կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը:

Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին  կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:

Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ