Վստահ եմ՝ 2023 թվականը հաջողված տարի է լինելու մեզ բոլորիս և մայրաքաղաք Երևանի համար․Հրաչյա Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Capture

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան օրվա առթիվ:

«Սիրելի՛ երևանցիներ, հարգարժա՛ն հայրենակիցներ, հիրավի, մեզնից յուրաքանչյուրի համար Նոր տարին նոր սպասումների և ակնկալիքների տոն է: Պատմություն դարձող 2022 թվականը փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր:

Վստահ եմ, որ նոր 2023 թվականը հաջողված տարի է լինելու մեզ բոլորիս համար, քաղաքամայր Երևանի համար, մեր երկրի համար:

Վստահ եմ, որովհետև կան բոլոր նախադրյալները. 2022 թվականին քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվել է բավականին մեծ աշխատանք: Ուստի ցանկանում եմ գնահատանքի ու երախտագիտության խոսքս հղել բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերով մենք ևս մեկ քայլ մոտեցել ենք մեր երազանքների իրագործմանը:

Գաղտնիք չէ, որ Երևանը զարգանում է աննախադեպ թափով, կառուցվում են նոր բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, բարեկարգվում են բակային տարածքները, հիմնանորոգվում այգիները. ամեն ինչ արվում է քաղաքային իշխանության կողմից՝ էլ ավելի բարեկարգ ու ներկայանալի մայրաքաղաք ունենալու, ժամանակի պահանջներին համապատասխանող միջավայրում մեր համաքաղաքացիների հարմարավետ կյանքն ու կենսագործունեությունն ապահովելու նպատակով:

Ամանորը տոն է, որին պետք է մոտենալ հրաշքի սպասումով, բայցև անելիքի հստակ գիտակցումով. քայլ առ քայլ, ժամ առ ժամ ծրագրված ու համակարգված աշխատանքն է հաղթանակի ու հաջողության գրավականը:

Սիրելի երևանցիներ,

թող որ այս նոր տարին մեր բոլորի երազանքների կատարման ու հույսերի արդարացման տարի լինի, թող խաղաղության ու աշխատանքի, բարօրության և բարեկեցության օրերը հաջորդեն միմյանց:

Ամանորի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթում խաղաղ ու ստեղծագործ տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Տեսաուղերձն՝ այստեղ։

--00—ՅՄ