ԱԱԾ-ում որեւէ վարույթ չի հարուցվել Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

հասարակական

ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարույթ չի նախաձեռնել 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի այցի կազմակերպված բողոքի ակցիայի առնչությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։ Հետեւապես ՀՀ կառավարության աշխատակազմի պնդումը, թե՝ Մուրադ Փափազյանը հանդիսանում է ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը, չունի իրավական հիմնավորում։

ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվելու պատճառների մասին, ինչպես նշեցինք, հայտարարել էր Փաշինյանի աշխատակազմը՝ պնդելով, թե «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Ավելին, նշվել էր, թե ոչ միայն Մ. Փափազյանի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝խնդրելով հայտնել, թե ավելի քան մեկ տարի առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած՝ կառավարության հիշատակած իրադարձությունների առթիվ քրեական գործ կամ որեւէ վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։ Պարզվել է արդյոք բողոքի ակցիայի մասնակիցների շրջանակը։ Մուրադ Փափազյանին ՀՀ Ազգային օրենսդրությամբ արգելված ինչ արարք է մեղսագրվում եւ երբ է որոշում կայացվել նրա մուտքն արգելելու մասին։

«Ֆրանսիայում մի խումբ անձանց մասնակցությամբ Ձեր կողմից նշված իրադարձությունների առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ չի հարուցվել»,- նշված է ԱԱԾ-ից ստացված գրավոր պատասխանը՝ միաժամանակ խուսափելով նշել, թե կոնկրետ երբ է որոշում կայացվել նրա մուտքն արգելելու մասին։

Ավելին, ԱԱԾ-ն խուսափել է հայտնել, թե քանի հոգու մուտք արգելելու մասին որոշում է կայացվել եւ ինչի համար։ Այս տեղեկատվությունը ԱԱԾ-ն համարել է պետական ու ծառայողական գաղտնիք, իսկ թե ինչպես է այն հայտնի դարձել կառավարության լրատվականին՝ չի մեկնաբանել, չի պարզաբանել արդյոք լրատվականն ունեցել է հատուկ թույլտվություն՝ ծանոթանալու այդ պետական գաղտնիքին ու հանրայնացնելու այն, եթե այո, ապա գաղտնազերծված տեղեկատվությունը ինչու է նորից պետական գաղտնիք համարվում։
ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնել է, որ Մ.Փափազյանի մուտքն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի գ եւ զ կետերը։ Նկատենք, որ տվյալ կարգավորումներով ամրագրվում է, որ «Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի

Հանրապետություն արգելվում է, եթե՝

գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

- իրականացնել ահաբեկչական գործունեություն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

- իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ.

Իսկ զ կետը թույլ է տալիս անձի մուտքն արգելել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Այլ խոսքով՝ ազգային հարցերը միջազգային հարթակներում բարձրացնող ու թուրքերի՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտմանը հետամուտ լինող Փափազյանից Փաշինյանի կառավարությունը վախենում է։

ԱԱԾ-ի պաշտոնական գրությունը փաստում է, որ իրականում ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել նրա մուտքն արգելելու համար ու գործ ունենք բացառապես քաղաքական կամայականության հետ։

--00--ՏՏ