Մ․ Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից գույք բռնագանձելու դիմումն իրավաչափ չէ․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

հասարակական

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից գույքը հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու՝ դատախազության դիմումն իրավաչափ չէ։ Այս մասին 24News-ին ասաց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը երեկ տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ տասներկուերորդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ: 

Դատախազությունը պահանջել է բռնագանձել թվով 28 անշարժ գույք, 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում, «իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 դրամ փոխառությունների պահանջի իրավունքը, 19.236.606 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը»։

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանի խոսքերով՝ այս վարույթը հարուցվել էր ամիսներ առաջ։ «Դրա մասին դատախազության կողմից իրազեկվել ենք, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որից հետո լիազոր մարմինը դիմումով մտել է դատարան»։

Փաստաբանը նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավանորմի հետ կապված ժամանակին որպես իրավապաշտպան բարձրաձայնել է։ 

«Եվ ասել եմ, որ աղերս չունի Սահմանադրության հետ։ Այնուամենայնիվ գործող իրավանորմ է, և այդ օրենքի շրջանակում մենք պատրաստել ենք մեր դիրքորոշումը, ներկայացրել լիազոր մարմնին։ Մնացածի մասին դատաքննության ընթացքում հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվի, այնպես էլ կներկայացնենք դատարանին։ Դատախազության դիմումն իրավաչափ չէ, և հայցը ենթակա է մերժման»։

Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ մանրամասն ներկայացրել են իրենց դիրքորոշումը դատախազության դիմումի հետ կապված։ «Ավելին, քանի որ կարիք եղավ դիմելու մասնագետների, փորձագետների՝ ֆինանսական, հաշվապահական հարթության վրա, մենք դիմել ենք հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետների, ունենք վերջիններիս մասնագիտական եզրակացությունը, որից կարելի է եզրահանգել անել, որ հայցադիմումն իրավաչափ չէ։ Ավելի մանրամասն կներկայացնենք, երբ դատական լսումներ լինեն», - եզրափակեց փաստաբանը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ